«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք անդամներ չեն մասնակցել փետրվարի 13-ին կայացած քաղխորհրդի նիստին: Հատկապես նիստին չեն մասնակցել ԲՀԿ գործարար հատվածի պատգամավորները: Օրինակ նիստին չի մասնակցել ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սլովենիայում է՝գործուղման մեջ, մասնակցում է միջխորհրդարանական հանձաժողովի նիստին, նա Հայաստան կվերադառնա գիշերը կամ վաղը: Արագած Ախոյանն ասաց, որ շատ ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, տեղյակ չէ հայատանյան զարգացումներից:

ԲՀԿ քաղխորհրդի նիստին չի մասնակցել նաեւ Հարություն Ղարագյոզյանը («Կարամելի Հարութ»): Փորձեցինք պատգամավորից ճշտել պատճառները, նրա հեռախոսին պատասխանած անձը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ այլ պատգամավորի՝ Հրանտ Դավթյանի հայրն էր մահացել,վերջինս զանգեց եւ Հարություն Ղարագյոզյանը դուրս եկավ նիստից ու գնաց հիվանդանոց:  Նիստին չի մասնակցել նաեւ Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», նրա հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսահամարն անջատված է:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։