Չինացի արվեստագետ Այ Վեյվեյի՝ 12 իրից բաղկացած քանդակների հավաքածուն սահմանել է նոր գնային ռեկորդ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով BBC-ին:

«Կենդանիների շրջանը» անունը կրող աշխատանքը, որը ներկայացնում է չինական աստղակերպի նշանները, վաճառվել է 4,3 միլիոն դոլարով, որը ամենախոշոր գումարն է, որ երբեւէ առաջարկվել է Վեյվեյի աշխատանքի համար:

Ավելի վաղ հեղինակը ներկայացրել էր առանձին քանդակներ այդ շարքից, սակայն ամբողջական շարքը վաճառքի է հանվել առաջին անգամ:

Հայտնի է, որ հեղինակին ոգեշնչել է XVIII դարի ժամ-շատրվանը, որի վրա պատկերված էին համապատասխան քանդակները, սակայն ավելի փոքր չափերի: Շատրվանը կայսերական պալատից 1860թ. գողացել էին ֆրանսիացի եւ բրիտանացի զինվորականները: Մինչեւ մեր օրեր հասել են միայն 7 սկզբնական քանդակները, իսկ մնացած 5-ը հեղինակը վերականգնել է պահպանված նկարների եւ գոբելենների միջոցով: