Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փետրվարի 13-ին Գորիսում մեծ շուքով տոնել է որդու՝ Տիգրան Խաչատրյանի Տրնդեզը:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը խնջույք է կազմակերպել Գորիսի Վանատուր ռեստորանում, հրավիրվածների թիվը մոտ 500 է եղել: Ուշ երեկոյան էլ Սուրիկ Խաչատրյանը նաեւ աննախադեպ հրավառություն է կազմակերպել:
Նշենք, որ 2013թ.-ի հունիսի 1-ին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության մեջ Բուդաղյանները մեղադրում են հենց Տիգրան Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին այն բանի համար, որ նա, 2013թ.-ի հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:





























