Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:
Նա այսօր մեկնել է Գյումրի՝ հանդիպելու Ավետիսյանների հարազատների հետ: Երեմ Սարգսյանը այսօր անձամբ կուսումնասիրի դեպքի վայրը, ռազմաբազայից Ավետիսյանների տուն եւ նրանց տնից Բայանդուր գյուղ տանող երթուղիները, հարակից տարածքները եւ այլն:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր Երեմ Սարգսյանի ներկայացրած միջնորդությանը, որը վերաբերում էր մի շարք վարկածներ ճշտելուն, հարցումներ անելուն եւ գործի համար էական հանգամանքներ ճշտելուն: http://news.am/arm/news/252074.html
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։





























