Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, որոնք հայ իրավապահները չեն արձանագրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների սպանության հարցով հրավիրված հանրային քննարկմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ինքն այդ կապակցությամբ 3 փաստաթուղթ է կազմել:

Պատգամավորի խոսքով՝ փաստաթղթերից մեկը հաղորդում է  հանցագործության մասին, որը ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին  եւ  ՄԻՊ-ին:

«Ներկայացված հաղորդումը վերաբերում է այն փաստերին, որոնք ՀՀ իրավապահները չեն արձանագրել, եւ այդ փաստերի վերաբերյալ հարուցված քրեական գործեր չկան: Առաջինը այն է, թե ինչպես է այդ զենքը, ինքնաձիգը դուրս եկել զորամասից եւ հասել բնակարան: Սա փաստացի զենքի ապօրինի տեղափոխում է, որով ՀՀ իրավապահները, որպես հանցակազմ պարունակող արարք, քրեական գործ չեն հարուցել եւ մեղադրանք չեն առաջադրել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հաջորդ խախտումը, ըստ պատգամավորի, այն է, որ Պերմյակովին ձերբակալել են ՀՀ պետական սահմանը հատելու փորձի ժամանակ, որը նույնպես ՀՀ քրեական օրենսգրքով հանցակազմ պարունակող արարք է, եւ որի համար եւս պետք է հարուցվեր քրեական գործ, որը, սակայն, չի հարուցվել:

«Երրորդն այն է, որ Պերմյակովի ձերբակալման պահին, ռուս սահմանապահները, չիմանալով, թե նա ով է, այդ մասին չեն տեղեկացրել ՀՀ իրավապահներին, կամ եթե տեղեկացրել են, ապա այդ մասին մեզ պաշտոնապես չեն հայտնել: Այստեղ ՀՀ իրավապահները նույնպես անգործություն են դրսեւորել եւ թույլատրել են Պերմյակովին ապօրինի ձերբակալել եւ տեղափոխել ռուսական ռազմաբազա եւ այնտեղ պահել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ չնայած 10 օր է անցել հաղորդումը ներկայացնելուց հետո, բայց ինքը ՀՀ գլխավոր դատախազից դեռ պատասխան չի ստացել:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքը նաեւ դիմել է Վլադիմիիր Պուտինին՝ մատնանշելով միջազգային պայմանագրերի այն խախտումները, որոնց հետեւանքով Պերմյակովն այս պահին ապօրինի գտնվում է ռուսական ռազմաբազայում:

«Ես խնդրել եմ, որ այդ ապօրինությունը վերացվի: Պատասխան եմ ստացել, որ իմ դիմումն ուղարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն»,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած երրորդը փաստաթուղթը Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է այն մասին, որ ԱԺ-ն, լինելով քաղաքական մարմին, պարտավոր է գնահատական տալ եւ պահանջ ներկայացնել ՌԴ-ին խախտված միջազգային պայմանագրերի վերաբերյալ:

«Սա նախագիծ է, որ դրված է շրջանառության մեջ, բայց առանց պատգամավորների հավանության»,-նշեց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նաեւ  դիմում է ուղարկել ՄԻՊ-ին՝ Սառնաղբյուրի 22-ամյա բնակիչ Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ կապված, եւ խնդրել զբաղվել այդ հարցով, քանի որ, ըստ նրա, երիտասարդին ապօրինի են ձերբակալել, եւ հետագայում  մեղադրանք առաջադրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: