Այս շաբաթ Լոս Անջելեսում սկսվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «1,5 միլիոն բառ» անունը կրող նոր նախագիծը, հաղորդում է Asbarez-ը:
Կազմակերպիչները կհետեւեն հանրային կրթական եւ երաժշտական միջոցառումներին եւ կհաշվեն օգտագործված հայերեն բառերը, մինչեւ նրանց թիվը հասնի 1,5 միլիոնի՝ հենց այսքան հայ է նահատակվել 1915թ. Օսմանյան Կայսրությունում իրականացված Ցեղասպանության հետեւանքով:
«Հայերենը հայերի փրկության հզոր խորհրդանիշն է, եւ այս ծրագրի նպատակն է հաստատել դա»,-հայտարարել է նախագծի հեղինակ եւ կազմակերպիչ Քրիսթոֆեր Օլմասակյանը:
Միջոցառմանը կմասնակցեն Հարավային Քալիֆորնիայի կրթական հաստատությունները եւ մշակութային կազմակերպությունները:




























