Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամավորների թոփ տասնյակում հայտնված պատգամավորներից յուրաքանչյուրն իր բացակայությունը պատճառաբանում է տարբեր կերպ:
Նկատենք, որ այս առումով ռեկորդակիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից մասնակցել է միայն 4-ին:
ԱԺ նիստերից բացակայությունների առաջին տասնյակում գտնվող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես բացակայող մարդ չէ, իսկ այդ 46 բացակայության պատճառը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանն է, որը այդ անգամ համընկել է ԱԺ քառօրյայի հետ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, նա, ըստ երեւույթին, Հայաստանում չէ, բայց ենթադրվում է, որ վերջինիս բացակայություններն էլ պայմանավորված են Ուկրաինայի նրա աշխատանքով:
ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ շատ հնարավոր է բացակայութունների զգալի մասի պատճառն այն էր, որ ինքը ներկա է եղել նիստին, պարզապես չի քվեարկել, եղել են նաեւ առողջական խնդիրներ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունի: Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Ռուբեն Գեւորգյանը մեզ հայտնեց, որ երեւի բացակայությունները համընկել են այն օրերին, երբ ինքը «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ մեկնել է Տավուշ՝ սահմանամերձ գոտի:
ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր բացակայությունների համար ունի բժշկի տեղեկանք, որը ներկայացրել է: «Ի՞նչ է, իրավունք չունենք հիվանդանալ»,-ասաց նա: Մյուս բացակա պատգամավորներից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:
2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:
3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:
4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:
5-րդ տեղում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է՝ 33 բացակա:
6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի Կարոն»՝ 33 բացակա:
7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:
8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ Ռուբոն»՝ 31 բացակա:
9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:
10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը հանձնարարել է աշխատակազմին հնարավորինս արագ ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լիազորությունն է ստուգելու պատգամավորների ներկայացրած պատճառաբանությունների իսկությունը բացակայությունների վերաբերյալ ու որոշելու՝ հարգելի են դրանք, թե ոչ: Որոշումը կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով արդեն դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























