Ռուս սահմանապահները Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալելու իրավունք չունեին: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հրավիրված հանրային քննարկմանն ասաց քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը:

«Ռուս սահմանապահներն իրավունք չունեին ձերբակալելու Պերմյակովին, որովհետեւ ինքը սահման հատելու փորձ չէր կատարում, իսկ սահմանապահներն այլ գործունեություն իրականացնելու իրավունք չունեն: Իրենք նաեւ իրավունք չունեին տեղաշարժվելու առանց մեր իրավապահների հետ համաձայնեցնելու, իսկ մենք ճշտել ենք, որ դա չի եղել»,- ասաց նա:

Քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ ռուս սահմանապահները, թեեւ իրավունքն ունեին մասնակցելու Պերմյակովի որոնողական աշխատանքներին, բայց ոչ զինված:

«Խախտվել են փոխհամաձայնեցված գործողությունների կանոններն ամրագրող պայմանագրերը ու մինչեւ հիմա որեւէ պաշտոնյա չի բարձրաձայնել այդ խախտումների մասին»,- ասաց Դանիել Իոանիսյանը:

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդներից որեւէ մեկն այսօր չի մասնակցում քննարկմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: