Առաջիկա օրերին հայտնի կլինի, թե Հանրապետական կուսակցությունն ում է սատարելու Արմավիրում մարտի 15-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Հարցին, թե ինչպես հասկանանք, որ մի քանի ՀՀԿ անդամ է առաջադրվել իրար դեմ, նա այսպես պատասխանեց. «Այդպես էր պետք»: Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ մի քանի օրից տարածքային կառույցը կհայտարարի՝ ում են սատարում:
Փորձեցինք ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Ղահրամանյանից ճշտել, թե ում են սատարելու, բայց նա նշեց, որ չի կարող խոսել, քանի որ ֆուտբոլի է:
Իսկ թե ինչպես է վերաբերում Արմավիրի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այն հանգամանքին, որ մի քանի ՀՀԿ է առաջադրվել եւ հարազատ կուսակցությունն էլ չի հայտարարել՝ ում է սատարում, նա պատասխանեց, որ երբ թեկնածուների գրանցումը կավարտվի այն ժամանակ կխոսենք: Թերեւս գործող քաղաքապետը կարծում է, որ կլինեն ինքնաբացարկներ եւ արդեն ակնհայտ կլինի՝ մրցակցությունը ում միջեւ է լինելու: Արմավիրում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանից՝ Նովոյից, նրա հեռախոսահամարն առավոտից անհասանելի էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու, ավելին՝ ՀՀԿ անդամնրը առաջադրվել են միմյանց դեմ: Բացի Արմավիրի գործող քաղաքապետ,Ռուբեն Հայրապետյանի խնամի՝ Ռուբեն Խլղաթյանից՝ ընտրություններին առաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ընտրություններին ինքնառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Այսքանով սակայն առաջադրված ՀՀԿ-ականների ցուցակը չի ավարտվում: Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը: Առաջադրված թեկնածուների գրացումը իրականացվելու է փետրվարի 13-18-ն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 18-ից հետո պարզ կլինի, թե ովքեր կմնան պայքարի մեջ եւ ովքեր ինքնաբացարկ կհայտնեն:





























