Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
 

Գագիկ Ծառուկյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահն էր, հետեւաբար, նա զրկվել է նաեւ նախագահի պաշտոնից: 

Խորհրդի անդամի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։