Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Այդ մասին ասվում է ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 13–ին էլ, ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր նախ Լեւոն Տեր–Պետրոսյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչների, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























