ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը հերթապահ բնույթ ունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով, սա մեկն է անընդհատ կրկնվող նման հայտարարություններից։
«Ես բարձր եմ գնահատում միջնորդների դերը հակամարտության կարգավորման գործում, սակայն նրանցից կոնկրետ քայլեր չարժե սպասել։ Նրանք ամբողջ ջանքերով փորձում են թուլացնել իրավիճակը տարածաշրջանում եւ թույլ չտալ հակամարտության սրացում»,-նշեց Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով, շատ կարեւոր է միջնորդների դերը կառուցողական փոխհարաբերություններ ստեղծելու համար։ «Իրականում այսօր չկա հակամարտության կարգավորման իրական ճանապարհ։ Տեսականորեն դա կարելի է անել 3 եղանակով՝ պատերազմով, որը ոչ մեկի ձեռնտու չէ եւ ոչ մեկը թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում, խաղաղ տարբերակով, որը կհիմնվի բանակցությունների ընթացքի վրա, դա եւս անհնար է, որովհետեւ կողմերի դիրքորոշումները ամբողջությամբ տարբերվում են միմյանցից, եւ երրորդը՝ ստատուս քվոյի պահպանմամբ»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ վերջին տարբերակը միակ հնարավոր տարբերակն է։
«Այսպիսի իրավիճակը, միջնորդների հետ համատեղ, նպաստում է ապագայում հնարավոր փոխզիջումներ գտնելուն։ Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք Կիպրոսի, Պաղեստինի եւ նման այլ հակամարտությունների փորձից, պատերազմից հնարավոր է խուսափել»,-ամփոփեց Բոզոյանը՝ ընդգծելով ստատուս քվոյի մի շարք առավելությունները.
«Հարցը պետք է լուծվի այլ տարբերակով։ Նման հարցերը լուծվում են տասնամյակներով, իսկ մինչ այդ պահպանվում է ստատուս քվոն։ Հայաստանը պետք է օգտագործի ժամանակը եւ առաջ անցնի Ադրբեջանից տնտեսական եւ սոցիալական ոլորտներում, եւ դառնա արժանի մրցակից, որպեսզի հետագայում ամուր հող ունենա ոտքերի տակ»,- նշեց քաղաքագետը։
Վերջում կրկին անդրառանալով հայտարարությանը՝ Բոզոյանն ասաց, որ այն հատվածը, որտեղ նշվում է, թե պետք է զերծ մնալ ուժի կիրառումից եւ հաշվի առնել պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման խնդիրը, ակնարկ է Ադրբեջանին այն մասին, որ միջազգային հանրությունը թույլ չի տա ագրեսիայի կիրառումը Ադրբեջանի կողմից եւ կդատապարտի այն։




























