Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը փորձում է հրադադարի խախտման դեպքերի պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, որ «համանախագահներն, առաջին հերթին, պետք է նշեն, որ հայերը պետք է ազատեն օկուպացված տարածքները: Այդ դեպքում հրադադարի ռեժիմը չի խախտվի»:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ այդ դեպքում Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի: «Մենք արդեն բարձրաձայնել ենք Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջնորդները պետք է աշխատեն խաղաղ պայմանագրի վրա՝ հիմնված 6 կետից բաղկացած Մադրիդյան սկզբունքների վրա: Տարածաշրջանում խաղաղության հասնելու համար պետք է լուրջ բանակցություններ անցկացվեն: Առաջին հերթին, պետք է իրենց հողերը վերադառնան փախստականները եւ բռնի տեղահանվածները եւ գլխավորը, պետք է տուն վերադառնան զինծառայողները»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, հետաքննել սահմանային միջադեպերը, պահպանել հրադադարի ռեժիմը, չի ճանաչում Մադրիդյան սկզբունքները:





























