Խորհրդարանի նիստերից պատգամավորների բացակայության ստուգումներն ուղղված չեն կոնկրետ մեկի դեմ։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։ Նրա խոսքով՝ ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։
Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ներկայացրել Ծառուկյանը, եւ կապ ունեն արդյոք նրա բացակայությունները ձեռներեցության հետ, խոսնակը նշել է. «Ձեռներեցությամբ զբաղվելու հարցով ստուգումներն իմ իրավասություններից դուրս են։ Այդ հարցով զբաղվում է խորհրդարանի աշխատակազմը։ Թե կոնկրետ ինչ փաստաթղթեր է ներկայացրել Ծառուկյանը, ես տեղյակ չեմ. դրանք դեռեւս գտնվում են խորհրդարանի աշխատակազմի տնօրինության տակ։ Սակայն ստուգումները վերաբերում են բոլոր խմբակցությունների բոլոր պատգամավորներին եւ ուղղված չէ կոնկրետ մեկի դեմ»,- նշել է խոսնակը։
Նշենք, որ ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























