ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մի խումբ մտավորականներ միացել են ԼՂՀ ԱԺ պատգամավորների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, Արցախյան պատերազմի վետերանների նամակին` ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որով պահանջվում է ազատ արձակել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին:
«Սարգիս Հացպանյանին Քաշաթաղում ճանաչում են շատերը: Նա աջակցել է ազատագրված տարածքների բնակեցման գործին իր բոլոր հնարավորություններով: Կարծում ենք, որ տարածք ազատագրողը եւ նաեւ այն բնակեցնելու ակտիվ աջակիցը արժանի է մարդասիրական վերաբերմունքի, այն է` ազատ արձակման»,- նշել են նամակի հեղինակները՝ ԼՂՀ վաստակավոր բժիշկ, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արցախ Բունիաթյանը, Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ Աթանաս Վարդապետ Մովսիսյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Կարեն Գրիգորյանը եւ այլք:
Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Սարգիս Հացպանյանը նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը մահափորձ են նախապատրաստում Սերժ Սարգսյանի դեմ: Հացպանյանին ձերբակալել էին սուտ մատնության մեղադրանքով եւ դատապարտել 3,5 տարվա ազատազրկման:



















