Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ փետրվարի 16-ին, ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երեւանում եւ Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Քուիկն ընդգծեց, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչի մասին վկայում է Երեւանում Շվեդիայի դեսպանության հիմնումը: Դեսպան Քուիկը վստահեցրեց, որ իր գործունեության ընթացքում կանի առավելագույնը` երկու երկրների միջեւ համագործակցությունը ընդլայնելու եւ ամրապնդելու համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարեւորեցին արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, գործարար կապերի ընդլայնումը։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։