ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ փետրվարի 16-ին, ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա առկա բացը լրացնելու եւ հայաստանյան ընկերությունների հետ նոր կապեր հաստատելու համար:
«Ուրուգվայը գյուղատնտեսության ոլորտում ունի հարուստ փորձ, որը կարող է փոխանցել հայկական կողմին, ուստի մենք շահագրգռված ենք զարգացնել տնտեսական հարաբերություններ ձեր երկրի հետ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Որպես համագործակցության հնարավոր տարբերակ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համատեղ արտադրության կազմակերպման եւ տեղական ընկերություններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը:
Ընկերության փոխնախագահ Գաստոն Սկայոլան իր հերթին տեղեկացրել է, որ 1962 թվականին հիմնադրված «Նիրեա» ընկերությունն այսօր Ուրուգվայում մսամթերքի արտադրության եւ արտահանման խոշորագույն ընկերությունների շարքում է, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալներով այն երկրի առաջատարն է: Նա նաեւ ընդգծել է, որ ընկերությունում բուծվող կենդանիները գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող կերային մշակաբույսերով չեն կերակրվում:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների արտադրողները կկարողանան փոխգործակցության շահավետ եզրեր գտնել` նպաստելով Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության աշխուժացմանը:
Այնուհետեւ պատվիրակության անդամները հանդիպել են տեղական մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` համագործակցության կոնկրետ հնարավորությունները քննարկելու նպատակով: Պատվիրակության անդամներն այնուհետեւ կայցելեն «Նաթֆուդ» եւ «Բեկոն» ընկերություններ:




























