Արտաքին քաղաքականությունում որդեգրած տարբեր ուղղվածությունները չպետք է խոչընդոտեն Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում իր վրաց գործընկեր Դավիդ Ուսուպաշվիլիի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է Հայաստանի ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

«Հասարակությանը հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես պետք է զարգանան հայ-վրացական հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին, իսկ Վրաստանը ընտրել է Եվրամիության հետ ասոցացման ուղին։ Սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք իրավիճակը ծառայեցնել՝ հօգուտ մեր երկրների եւ ժողովուրդների»,- հայտարարել է Սահակյանը։

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է երկու ժողովուրդների բարեկամության կարեւորությունը։

«Արտաքին քաղաքական տարբեր ուղղվածությունները չպետք է խանգարեն մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամությանը։ Ընդհակառակը, դա պետք է օգտագործել՝ ծառայեցնելով մեր ընդհանուր շահերին»,- հայտարարել է նա։