Արցախի ԱԺ-ում քննարկում են բյուջետային գրասենյակի համակարգի ներդրման հարցը: Այսօր՝ փետրվարի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Գագիկ Մինասյանը:

Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրացման եւ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ու դրա ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա ընդգծել է ՀՀ խորհրդարանում քննարկվող բյուջետային գրասենյակի համակարգի ներդրման, խորհրդարան-կառավարություն բյուջետային քննարկումների արդյունավետության բարձրացման եւ բյուջեի կատարողականի հաշվետվությունների ընթացակարգի նպատակային վերահսկողության կարեւորությունը: Ընդ որում բյուջետային գրասենյակի գործունեությունը տարբերվելու է Վերահսկիչ պալատի գործառույթներից. այն տրամադրելու է տեղեկանքներ՝ հիմք ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը:

Այնուհետեւ Արցախի բյուջետային համակարգի առանձնահատկությունների մասին զեկույց է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են նաեւ օրենսդիր մարմնի կողմից բյուջեի՝ սոցիալական ոլորտին առնչվող նպատակային ծախսերի կատարողականի հանդեպ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների կիրառմանն առնչվող հարցերը, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Համատեղ նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները: