Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին, երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա պետական այցը մեր երկիր այդ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա:
ՌԴ փոխվարչապետի խոսքով, երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով արդյունավետ երկխոսությունն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի իրականացման ու փոխգործակցության հետագա ընդլայնման համար:
Հայաստանի նախագահը նաեւ շնորհավորել է Ալեքսանդր Ժուկովին` ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ իր աշխատանքով նա նոր թափ կհաղորդի Ռուսաստանում արդեն իսկ լավ ավանդույթներ ունեցող սպորտի եւ օլիմպիական շարժման զարգացմանը, ինչն անկասկած կնպաստի այդ ոլորտում եւս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:



























