Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ընդամենը 2 պարբերություն է հարկավոր. սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Այս մասին NEWS.am-ը թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի հայ-թուրքական արձանագրություններն ամբողջությամբ հետ կանչելը: «Մենք հենց սկզբից ասում էինք, որ դրանք դատարկ արձանագրություններ են եւ ոչ մի բանի չեն հանգեցնի: Մենք միշտ պահանջել ենք Հայաստանի ստորագրությունների հետկանչը: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, միայն կեսն էր: Դա լիարժեք քայլ չէ, բնականաբար, դա մեզ չի հոգացնում: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ստորագրությունն ամբողջությամբ հետ կանչվի»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Փետրվարի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին:

«Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»,- ասել է նախագահը: