Չնայած հայ-թուրքական արձանագրությունները չէին գործում, Հայաստանի համար դրանք հաղթաթուղթ էին միջազգային կազմակերպություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով, արձանագրությունների գոյության փաստն իսկ բերում էր նրան, որ աշխարհի ուժային կենտրոններն ըմբռնումով էին մոտենում եւ պաշտպանում էին մեր դիրքորոշումներն ու մոտեցումները:
«Մենք դրական էինք վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին եւ կարեւորում էինք երկաթուղու բացումը: Բնականաբար, մենք միաժամանակ ասում էինք, որ արձանագրությունների ստորագրումը չպետք է լինի մեր ազգային արժեքների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան հիմնախնդրի՝ հայկական կողմի օգտին լուծման հաշվին»,- ասաց Մհեր Շահգելդյանը՝ հավելելով, որ այդ հարցերը մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին:





























