Հունիսի 29-ին իր անդրանիկ նիստն է գումարել տեխնիկական անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նշելով, որ հայեցակարգի մշակումը նախատեսված է Ազգային անվտանգության ռազմավարությամբ եւ Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է տեխնիկական անվտանգության ժամանակակից համակարգի ձեւավորումը, այս ոլորտում առկա եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու իրավական դաշտի կատարելագործումը:
Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների հետ համագործակցությամբ հնարավոր կարճ ժամկետներում մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման:



















