Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի տարածաշրջանային այցը ոչ մի կապ չունի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա կարծիքով՝ չափազանց կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը համընկնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տարածաշրջանային այցելությանը։ «Պետք է ասեմ, քանի որ այցը տարածաշրջանային է եւ, հետեւաբար, այն նախապատրաստվել էր երկար ժամանակ, բնականաբար, դա ոչ մի կապ չունի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ։ Սակայն, մյուս կողմից, հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հիմնականում քննարկվելու են  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը»,- ընդգծել է Սերգեյ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը պաշտոնական այցով հայաստան կժամանի փետրվարի 18-ին։ Նուլանդը հանդիպումներ կունենա պաշտոնական անձանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդական կազմակերպությունների հետ։ Փետրվարի 16-ին Նուլանդն այցելել էր Բաքու, իսկ փետրվարի 17-ին տարածաշրջանային այցով մեկնել Թբիլիսի։