Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրոք ցանկանում էր հասնել իշխանափոխության, ավելի տրամաբանական կլիներ, եթե նրանք ակտիվանային խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս մասին փետրվարի 17-ին հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Գյումրիի եւ Բերձորի դեպքերի կապակցությամբ հասարակության շրջանում տեղ գտած լայն արձագանքներից եւ հատկապես փետրվարի 5-ին ԲՀԿ նախաձեռնած ժողովից հետո իշխող կուսակցությունը դրանց մեջ տեսավ ԲՀԿ ակտիվացումը ներքաղաքական տեսանկյունից։ «Դա անհանգստացնող էր, եւ հանրապետականները որոշեցին սեփական քայլերը ձեռնարկել՝ ԲՀԿ-ին չեզոքացնելու համար։ Սրանով էլ պայմանավորված էր ՀՀԿ աննախադեպ արձագանքը»։
Քաղաքագետը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանը» «ֆալստարտ» ունեցավ։ «Եթե ԲՀԿ-ն իրականում ցանկանում էր հասնել իշխանափոխության, ապա տրամաբանական կլիներ, եթ նրանք ակտիվանային խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Դրա ԲՀԿ-ին հնարավորություն կտար օրինական ճանապարհով, ՀՀԿ վարչական քայլերից պաշտպանված՝ լայնածավալ քարոզարշավ սկսել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում»,- կարծիք հայտնել քաղաքագետը։
Ըստ նրա՝ հնարավոր է, որ այդ «ֆալստարտի» պատճառը այն հայտարարությունն էր, որ փետրվարի վերջին մարտի սկզբին նախագահը սահմանադրական բարեփոխումների մասին որոշում կկայացնի։ «Հնարավոր է, այդ պատճառով ԲՀԿ-ն փորձեց արձագանքել կանխարգելիչ մեթոդներով»,- հավելեց քաղաքագետը։





























