Ռուսաստանում գնաճն ավելանում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Այս իրավիճակում ի՞նչ անեն «պարզ» ռուսաստանցիները: Հատուկ նրանց համար դեռեւս խորհրդային տարիներից հայտնի «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը խորհուրդներ է ներկայացրել՝ «Ինչպե՞ս խորամանկ գնորդի տակտիկա մշակել» անվանումով: Մեր գնորդներին խորհուրդներից մի քանիսը միամիտ կթվան: Նաեւ երաշխիքներ չկան, որ դրանք բոլորն էլ ճիշտ են:

• Աշխատեք խոշոր հիպերմարկետներում գնումներ կատարել միանգամից մեկ-երկու շաբաթվա համար: Այդտեղ ապրանքներն ավելի էժան են, բացի այդ՝ մեծ ընտրություն կա: (Հարց մեր գնորդներին. արդյո՞ք երեւանյան սուպերմարկետներում ապրանքներն էժան են):

• Եթե շատ հեռու գտնվող խոշոր սուպերմարկետ գնալու հնարավորություն չունեք, ապա ապրանքների համար ձեր շրջանում միանգամից 3-4 առեւտրի կետ գնացեք: (Նույն հարցը մեր գնորդներին. Երեւանում այդպիսի խոշոր խանութներ կա՞ն, որտեղ կարելի է էժան ապրանք ձեռք բերել):

• Խանութ գնացեք միայն ապրանքների ցուցակով, սառը գլխով եւ կուշտ ստամոքսով:

• Մի վախեցեք «պրեմիում» կարգի խանութներ այցելել: Որոշ ապրանքներ այնտեղ ավելի էժան են, քան «էկոնոմ» հատվածում: (Դատելով մեր գներից, մեր բոլոր խանութները «պրեմիում» կարգի են):

• Զտեք ստացած տեղեկատվությունը: Եթե լուրերում ասել են, որ վաղը հնդկաձավարն անհետանալու է խանութներից կամ մակարոնեղենը կրկնակի թանկանալու է, հանգստացեք եւ մի հավատացեք: Այդ հաղորդագրությունները շահեկան են արտադրողների համար եւ հենց նրանց կողմից էլ վճարվում են: (Իսկ եթե թանկացումների մասին այդ տեղեկությունները ճի՞շտ են):

• Պետք չէ հիպնոսացվածի պես դարակներից հավաքել ապրանքներ, որոնց վրա «Ակցիա» կամ «Զեղչ» է գրված: Հայացք նետեք մյուս դարակներին, գուցե նման այլ ապրանք կա, որի գինը, հնարավոր է, ավելի ցածր է:

• Մի խաբվեք «վերաձեւակերպված» կարգախոսներին: Ասենք՝ «Մեկ ձեռքում՝ երկու տուփից ոչ ավելի»: Մի վախեցեք դեֆիցիտի սպառնալիքից:

• Աշխատեք գնումների գնալ օրվա առաջին կեսին: Ճաշին մոտ էժան ապրանքները շատ արագ սպառվում են: