Մոսկվայում կնոջը եւ 9-ամյա աղջնակին փետրվարի 14-ին սպանելու կասկածանքով ձերբակալված հայտնի գործարար Խորեն Ղազարյանի ընկերները վրդովված են դեպքի մասին ռուսական ԶԼՄ-ներում տարածած տեղեկություններից: NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Ղազարյանի ընկերները նշեցին, որ տեղեկությունները պարզապես հերյուրանք են:

«Հարմոնիայի մեջ գտնվող, սիրալիր ընտանիք էր: Ռուսական կայքերը սխալ տեղեկություններ են տարածում: Անձամբ Խորեն Ղազարյանը փաստաբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ով է դա արել, ամեն դեպքում մենք բոլորս համոզված ենք, որ Խորիկը նման բան չէր անի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարարի 30 տարվա ընկերը՝ ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը:
Նա նշեց, որ նույնիսկ կենսագրական տվյալներն են սխալ. սպանված երեխայի անունը Նինա է, նա 9 տարեկան է, ոչ թե 7, ինչպես ռուսական ԶԼՄ-ներն են նշում:
«Բացի դրանից՝ սա Խորենի առաջին ամուսնությունն է, այն էլ քաղաքացիական: Վիկտորիան ու Խորենը ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն եղել, իսկ ռուսականները գրում են, թե 3-րդ ամուսնությունն է»,- ավելացրեց Կարեն Դոլուխանյանը:

Ընկերների պատմելով՝ Խորեն Ղազարյանն արդեն մի քանի տարի ակտիվ բիզնեսով չէր զբաղվում, կինն էլ նախկինում աշխատել է իր մոտ՝ որպես վաճառքի գծով մենեջեր:
«Խորեն Ղազարյանն իր ուժերով է ստեղծել իր ընկերությունները, գրագետ, խաղաղ, անգլիական հումորի տեր մարդ էր: Ուղեղ էր, ուղեղ»,- ասաց երաժիշտ Նունե Մանուչարյանը:
Դեպքից ընդամենը մեկ օր առաջ Խորեն Ղազարյանը սոցիալական ցանցով խոսել է Լիդա Հասրաթյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ գործարարն ընտանիքի հետ 2 շաբաթ առաջ էր վերադարձել ԱՄՆ-ից:

«Խորենը երեխայի գերի էր, իր կյանքում երեխայից եւ կնոջից առավել կարեւոր ոչինչ չի եղել: Դեպքից երկու ժամ առաջ էլ Վիկտորիան հեռուստացույց է նայել հարեւանի երեխայի հետ, այնուհետեւ ֆեյսբուքով գրել Խորենի զարմուհուն, հարցրել, թե երբ են գնալու Մոսկվա՝ իրենց հյուր: Եթե իրենք ամուսիններով անհաշտ լինեին, ապա նման բան չէր գրի Վիկտորիան: Բացի դրանից՝ Խորենի կարողության մեծ մասը կնոջ անունով էր: Սա էլ մեկ անգամ ապացուցում է, որ նրանք խնդիրներ չեն ունեցել միմյանց հետ»,- ասաց Լիդա Հասրաթյանը:

Ըստ նրան հասած տեղեկությունների՝ Խորեն Ղազարյանին մեղադրանք չի առաջադրվել, ընդամենը խափանման միջոց է ընտրվել: Լիդա Հասրաթյանը հայտնեց, որ միայն փորձաքննությունների արդյունքում կարելի է հստակ պատասխանել հարցին, թե ով եւ ինչու է սպանել Ղազարյանի կնոջն ու դստերը:
«Տպավորություն է, որ տենդենցիոզ մոտեցում կա: Վրդովված ենք, որ ռուսական լրատվամիջոցները խախտում են բարոյականության բոլոր գրված եւ չգրված օրենքները»,- ավելացրեց երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ փետրվարի 14-ին ոստիկաններն ու փրկարարները Մոսկվայի կենտրոնում գտնվող առանձնատանը հայտնաբերել են հայտնի գործարար Խորեն Ղազարյանի կնոջ եւ դստեր արյունաշաղախ մարմինները: Գործով զբաղվող քննչական խումբը սկզբում վարկած էր առաջ քաշել, որ երեխային սպանել է մայրը, այնուհետեւ ինքնասպան եղել: Ավելի ուշ, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ գործով ձերբակալվել է հայտնի գործարարը:





























