2017 թվականին Հայաստանում կարող է 10-12 բանկ մնալ, բայց շատ ամուր եւ կայուն: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանը՝ պատասխանելով բանկերի խոշորացման հնարավոր հետեւանքների մասին հարցին:
«Դա չի նշանակում, որ փոքր բանկերը չեն կարող արդյունավետ աշխատել: Կարող են, եթե իրենց բիզնեսի կատարելագործման համար ներդրումներ կատարեն, չուճացնեն մասնաճյուղերի ցանցն ու ապարատը»,- հավելեց Անեսյանը:
«Մինչեւ 2017 թվականը մենք բանկային համակարգում բազմաթիվ միավորումների ականատես կլինենք: Հաշվի առնելով նվազագույն ընդհանուր կապիտալի ավելացման մասին Կենտրոնական բանկի սահմանած նորմատիվը՝ դա անխուսափելի է, բայց դա կհանգեցնի աշխատանքի արդյունավետության բարձրացման»,- նշեց բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանում 21 առեւտրային բանկ է գործում: Դրանցից 2017 թվականի համար Կենտրոնական բանկի սահմանած նորմատիվներին (նվազագույն ընդհանուր կապիտալի ավելացում՝ 5-ից մինչեւ 30 մլն դրամի) առայժմ համապատասխանում է միայն 5-ը (2013 թվականի հաշվետվությունների տվյալների համաձայն՝ հաշվի առնելով, որ 2014-ի արդյունքները դեռեւս չկան): Այդ շեմը գերազանցած բանկերի թվում է նաեւ «Ամերիաբանկ»-ը: 2013 թվականի վերջի տվյալների համաձայն, այս բանկի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 373.5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 988 մլն դոլար):




























