Ազգային արժույթի նշանակությունը բանկային համակարգում կարող է ավելի աճել, եթե շարքային քաղաքացիները կարողանան կապվել դրամին, այլ ոչ դոլարին: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: Դա վերաբերում է նաեւ անշարժ գույքին եւ ավտոմեքենաներին:
«Պարզ տրամաբանություն է. եթե բոլոր եկամուտներն ու ծախսերն արտահայտվում են ազգային արժույթով, ինչո՞ւ ավանդները պահել արտարժույթով: Առավել եւս, որ դրամով ավանդադրման պարագայում ավելի բարձր տոկոսադրույք կարելի է ստանալ»,- հավելեց Հանեսյանը:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2014 թվականի նոյեմբերի տվյալներով, 1 տարի ժամկետով ավանդների պարագայում ազգային արժույթով եւ դոլարով դեպոզիտների դրույքաչափերի մինչեւ տարբերությունը կազմել է 5.8% (դրույքաչափերը՝ 11.7 եւ 5.9% համապատասխանաբար): 2013-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 5.5% (5.7 եւ 11.2%):
Նշենք, որ ազգային արժույթով քաղաքացիների ավանդները Հայաստանի բանկային համակարգում առայժմ մեկ երրորդից քիչ ավելին են կազմում: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականի դեկտեմբերի վերջին դրանց ծավալները կազմել են շուրջ 473 մլրդ դրամ կամ ընդհանուր պորտֆելի 35.8%-ը: Միաժամանակ, 2011 թվականի կեսերին դրամով դեպոզիտների աճ էր արձանագրվել: 2010-ի հունվարի համեմատ, ազգային արժույթով ավանդների ծավալն աճել է 2.9 անգամ, արտարժույթով ավանդներինը՝ 1.8 անգամ:
.jpg)





























