Հայաստանի բանկային համակարգն ինտենսիվ մրցակցության առումով տարածաշրջանում եզակի է: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Այսպես, եթե հարեւան Վրաստանում երկու խոշոր բանկերը զբաղեցնում են շուկայի գրեթե 80%-ը, ապա Հայաստանում առաջին 5 բանկերը՝ միայն 46%-ը: Ընդ որում, վարկավորման ծավալները տարեկան աճում են 18-20%-ով:

Այսօր բանկային համակարգի ակտիվների հարաբերակցությունը Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 75.8%, դեպիզիտները՝ 37.8%: Վրաստանում այդ ցուցանիշները 71 եւ 31.4% են: «Այդ իմաստով մենք դեռեւս զիջում ենք Ռուսաստանին, բայց արդեն մոտ ենք նրան»,- հավելեց Ջրբաշյանը:

Առանձնապես վառ է ակտիվների շահութաբերության ցուցանիշը (RoA): Եթե Ադրբեջանում այն կազմում է 1.8%, Վրաստանում՝ 3%, Ռուսաստանում՝ 2.1%, ապա Հայաստանում՝ ընդամենը 1%: Կապիտալի շահութաբերության առումով (RoE) նույնպես մեր հանրապետությունը զիջում է հարեւան երկրներին. եթե դրանցում խոսքը երկնիշ թվերի մասին է (օրինակ, Վրաստանում՝ 17.5%), ապա Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 6.9%:

Ցածր շահութաբերության վրա ազդում է ոչ միայն մրցակցությունը, այլեւ եկամուտների նկատմամբ ծախսերի համեմատաբար բարձր հարաբերակցությունը, որոնք 2014 թվականին Հայաստանում կազմել է 54.4%՝ համաշխարհային օպտիմալ 35-37%-ի պարագայում: «Ծախսերի կառավարումը մասամբ կարելի է կատարելագործել բանկերի խոշորացման հաշվին»,- հավելեց Ջրբաշյանը: