ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վայքում ձերբակալվել է մի քաղաքացի, որ ցանկացել էր պայթեցնել հայրական տունը՝ ծնողների հետ միասին:

Համաձայն հաղորդագրության՝ Վայքի 73-ամյա բնակիչը դիմել է ոստիկանության բաժին եւ հայտնել, որ վիճել է 47-ամյա որդու հետ: Որդին ապտակել է հորը, այնուհետեւ մեկ ժամ անց պայթուցիկ սարք է բերել՝ տունը պայթեցնելու համար:

Հայրը ոստիկաններին է ներկայացրել 90 սմ-անոց բիքֆորդյան քուղ, 233 գրամանոց դեղին զանգված, մի պայթուցիկ, եւ այլ առարկաներ՝ հայտնելով, որ դրանք պատկանում են իր որդուն: Ներկայացված առարկաներն ուղարկվել են փորձաքննության, իսկ որդուն բերման են ենթարկել ոստիկանության Վայքի բաժին: