Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար հայկական եւ ադրբեջանական զորքերի միջեւ բախումների ակտիվացումը վերլուծաբաններին ստիպում է նախազգուշացնել ռազմական գործողությունների սրման եւ նույնիսկ երկու երկրների միջեւ «հարկարծակի պատերազմի» մասին: Այս մասին ամերիկյան «Newsweek» ամսագրում հրապարակված հոդվածում գրել է լրագրող Ֆելիսիա Քեփոնը՝ հավելելով, որ, վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը կարող է հակամարտությունն օգտագործել տարածաշրջանում իր իշխանությունն ամրապնդելու համար:

«Ներկայում փորձագետները նախազգուշացնում են, որ այս տարվա իրադարձությունները սովորականից ավելի վատ էին. երկու կողմից էլ կորուստներն ավելացան ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների շրջանում»,- նշել է նա:

Հոդվածի հեղինակը ներկայացնում է 2014 թվականին կատարված հետազոտության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհի ամենից ռազմականացված 10 երկրներից են: Նշվում է նաեւ, որ Ռուսաստանը երկու կողմի համար էլ զենքի հիմնական մատակարարն է: «Մասնագետներն անհանգստացած են, որ Պուտինն ավելի խոշոր եւ ռիսկային քայլ է դիտարկում՝ տարածաշրջանում իշխանությունը կոնսոլիդացնելու համար»,- նշում է լրագրողը:

Նա նաեւ մեջբերում է Լոնդոնի Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտից Ջոն Մաքլեոդի հետեւյալ խոսքերը. «Իրավիճակը վատ է, եւ ավելի շատ միջադեպեր են գրանցվել: Անընդհատ վտանգ կա, որ երկրներից մեկը կանցնի սահմանը, իսկ դա անտառային հրդեհի նման կտարածվի, եւ պատերազմ կլինի՝ մինչ կիմանաք այդ մասին: Մենք հստակ չգիտենք, թե ինչ շահ ունի Ռուսաստանը: Սակայն ռուսներն ավելի ակտիվ տարածաշրջանային խաղացող են դառնում եւ, ամենայն հավանականությամբ, տարածքային հետաքրքրություններ ունեն»: Մաքլեոդի կարծիքով, «հնարավոր է», որ Ռուսաստանը «խաղաղարար» զորքեր ուղարկի տարածաշրջան՝ իր ազդեցությունն ամրապնդելու պատրվակով:

«Ներկա ժամանակաշրջանը նաեւ առանցքային նշանակություն ունի հակամարտության համար, քանի որ այս տարի նշվում է Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչը կարող է խորացնել առանց այն էլ լարված իրավիճակը»,- նշում է «Newsweek»-ի հոդվածագիրը: