Կալիֆորնիական Գլենդել քաղաքի ազգությամբ հայ ոստիկանի դատական հայցը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ քաղաքը խաղաղ համաձայնության է հասել ոստիկանների հետ: Այս մասին գրում է «Glendale News-Press» պարբերականը:

Ջոն Բալյանը Գլենդելի հայկական ծագմամբ հինգ ոստիկաններից է, որոնք 2010 թվականին հայց են ներկայացրել քաղաքի ոստիկանության դեմ՝ բողոքելով խտրականության, վրեժխնդրության եւ հետապնդման դեմ:

Գործարքի շրջանակում քաղաքը համաձայնել է վճարել Բալյանի փաստաբանի ծախսերը՝ 7.500 դոլար, ինչպես նաեւ գումար փոխանցել նրա արձակուրդային հիմնադրամին: Համաձայնագրի մեջ նաեւ նշվում է, որ քաղաքի կողմից խաղաղ գործարքի կնքումը «որեւէ իրավախախտման համար պատասխանատվության ճանաչում չի նշանակում»:

Նշենք, որ անցյալ տարի այս գործի շրջանակում Գլենդելը խաղաղ գործարքներ է կնքել նաեւ մյուս երեք ոստիկանների՝ Ռոբերտ Բարսեղյանի, Բեննի Սիմոնզադի եւ Վահագ Մարտիկյանի հետ:

Հիշեցնենք, որ 2010 թվականին ոստիկանության սերժանտ Տիգրան Թոփաջիքյանը եւ ոստիկաններ Վահագ Մարտիկյանը, Ռոբերտ Բարսեղյանը, Ջոն Բալյանը եւ Բեննի Սիմոնզադը համատեղ հայց էին ներկայացրել Գլենդել քաղաքի եւ ոստիկանության դեպարտամենտի դեմ՝ բողոքելով իրենց հայկական ծագման հետ կապված խտրականության դեմ: Իսկ 2013 թվականի նոյեմբերին, ծառայողական աստիճանի բարձրացման մի քանի փորձերից հետո, Թոփաջիքյանին լեյտենանտի աստիճան են շնորհել: