Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձեւաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները:

Կողմերը մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին հակամարտող ուժերի միջեւ շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ, միակարծիք լինելով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտության հարցում: Քննարկվել են առաջնագծում վստահության ամրապնդման եւ պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը: