Ռուսաստանի ՆԳՆ Կալինինգրադի վարչության ղեկավարը 26-ամյա Հրաչյա Գրիգորյանին պարգեւատրել է՝ համարձակ եւ քաջ արարքի համար: Այս մասին գրում է Freekaliningrad-ը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, Կալինինգրադի ավտոմոբիլային շուկայի տարածքում: Այդ օրը շուկա ընտանեկան զույգ է եկել՝ երեխայի հետ միասին: Ամուսինները մի պահ հեռացել են՝ դպրոցահասակ երեխային թողնելով միացված շարժիչով մեքենայի մեջ: Տղան դիպել է փոխանցման տուփի լծակին, ինչի արդյունքում մեքենան շարժվել է տեղից եւ ընկել գետը: Հրաչյա Գրիգորյանը միջադեպի ականատես է դարձել: Երիտասարդը կոտրել է մեքենայի հետեւի ապակին եւ դուրս բերել երեխային:

Տարածաշրջանային ոստիկանության ղեկավար Եվգենի Մարտինովը որոշել է հանդիպել Կալինինգրադի քաջ բնակչի հետ եւ նրան անձամբ «ՆԳՆ-ին օժանդակության համար» մեդալ շնորհել: «Դա քաջարի քայլ է: Դուք կատարել եք ձեր քաղաքացիական պարտքը: Ես ձեզ առաջարկում եմ համալրել ոստիկանության արտահաստիքային աշխատակիցների շարքերը: Նման հերոսներ մեզ պետք են»,- ասել է գեներալ-լեյտենանտը: