ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին Հանրապետական կուսակցությունը մնացել է իր կարծիքին, եթե խոսքն այն քաղաքական գործչի մասին է, որն «ուզում էր դառնալ դիրիժոր քաղաքական դաշտում»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո հանրապետականներն իրենց վերաբերմունքը փոխել են:
«Եթե դուք ուզում եք անդրադառնալ նախկին կերպարին, որը ցանկանում էր դառնալ դիրիժոր քաղաքական դաշտում, մենք բնականաբար նույն կարծիքին ենք: Եթե մենք խոսում ենք այն կերպարի մասին, որը քաղաքական դաշտում այդ նույն ամբիցիաները, ազդեցությունը չունի՝ որպես պատգամավոր, կամ որպես մարդ. սա լրիվ այլ խնդիր է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ նախկինում երկու ուժերի՝ միմյանց հասցեին արված հայտարարությունները քաղաքական դաշտում սովորական երեւույթներ են: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացածի հետ հարցեր քննարկել:
«Բնականաբար քաղաքական դաշտում չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում:





























