«Գահերի խաղ» աշխարհահռչակ հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին Լոնդոնի Թաուերում։ Այս մասին գրում է Sky News-ը։
Այսպիսով՝ եվրոպացի հանդիսատեսները ամերիկացիներից մեկ ամիս շուտ կկարողանան տեսնել նոր եթերաշրջանը։ «Գահերի խաղ»-ի պրեմիերայի ցուցադրությունը հեռուստաէկրաններին կկայանա ապրիլի 13-ին։ Դերասաններ Նատալի Դորմերը եւ Քիթ Հարինգթոնը կքայլեն կարմիր գորգի վրայով՝ շրջապատված ագռավներով, որոնք ֆիլմում խաղում են առանցքային դերերից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նոր եթերաշրջանի նկարահանման աշխատանքները ընթացել են 2014թ. Հյուսիսային Իռլանդիայում, Իսպանիայում եւ Խորվաթիայում։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես են զարգանալու դեպքերը նոր սերիաներում, սակայն նշվում է, որ սյուժեն միահյուսել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի 4-րդ եւ 5-րդ գրքերի դրվագները։





























