Անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի N զորամասում ծնոտի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքի հետեւանքով մահացած ամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի գործով հարուցված  նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գործի շրջանակներում կալանավորված է շարքային Վարդան Դավթյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով:

«Ընթացքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ավելացրին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ հոդվածը նախատեսում է պատիժ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը: