Իսպանական Լա Կորունյա քաղաքում բացվել է «Առաջին Պիկասոն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրության են հանվել նկարչի ամենավաղ աշխատանքները։ Դրանց ցուցադրությունը կշարունակվի մինչեւ մայիսի 24-ը։ Այս մասին տեղեկացնում է Նրբարվեստի քաղաքային թանգարանի պաշտոնական էջը։ Ներկայացված 59 գործերը նկարվել են հիմնականում յուղաներկով։ Բացի այդ՝ այցելուները կարող են տեսնել նաեւ երիտասարդ տարիքում Պիկասոյի արած ուրվանկարներն ու գծանկարները։
Թանգարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նկարիչն ապրել է Լա Կորունյայում 1891-1895 թթ, այսինքն՝ 10-14 տարեկան հասակում։ Այդ քաղաքում նա սովորել է Նրբարվեստի դպրոցում, որտեղ յուրացրել է մատիտով, ածուխով, սեւաներկով եւ յուղաներկով աշխատելու հմտությունները։ Այդ շրջանում Պիկասոն ստեղծել է «Ոտաբոբիկ աղջիկը», «Խաղաղություն», «Բժիշկ Պերես Կոստալեսի դիմանկարը» եւ «Գլխարկով մարդը» գործերը, գրում է Lenta-ն։
Բացի այդ ցուցահանդեսին կներկայացվեն նաեւ այլ նկարիչների գործերը, որոնք ազդեցություն են թողել Պիկասոյի վրա։ Թանգարանում կներկայացվեն տարբեր քաղաքներից՝ Փարիզից, Բարսելոնայից, Մալագայից հավաքած աշխատանքներ։




























