Թարմ մրգերն ու բանջարեղենը մարդկանց օգնում են հաղթահարել հոգեկան ցավը: Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները, որոնք հետազոտել են մարդու տրամադրության վրա ազդող գործոնները:

Մասնագետները հետեւել են 16 տարեկանից բարձր 14 հազար տղամարդկանց եւ կանանց: Նրանք ուշադրություն են դարձրել կամավորների մարմնի զանգվածի ինդեքսին, նրանց վնասակար սովորույթներին եւ դիետաներին: Կամավորները նաեւ պարբերաբար հոգեբանական թեստեր են անցել եւ պատասխանել են տրամադրության մասին հարցերի:

Հետազոտության այն մասնակիցները, որոնք ավելի շատ միրգ եւ բանջարեղեն են կերել կամ թողել են ծխելը, տրամադրության մեծ աճ են ունեցել: Իսկ նրանք, ովքեր շատ են ծխել եւ քիչ միրգ ու բանջարեղեն են օգտագործել, կյանքից ավելի քիչ հաճույք են ստացել եւ դեպրեսիա են ունեցել:

Տրամադրության վրա ամենից լավ ազդել են այն դիետաները, որոնցում մինչեւ 5 բաժին թարմ մրգեր եւ բանջարեղեն են ներառվել: