Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի կենտրոն են, նշում են Էքսկուրսավարների համաշխարհային օրը: Հնարավոր չէ հստակ ասել, թե երբ է ի հայտ եկել այդ մասնագիտությունը, սակայն ակնհայտ է, որ այն կապված է միջպետական հարաբերությունների զարգացման հետ:

Դեռեւս անցյալ դարի կեսերին ցանկացած կրթված մարդ, որը ծանոթ է այս կամ այն քաղաքի պատմությանը, կարող էր իրեն էքսկուրսավար զգալ: Այդ դերում հաճախ հանդես էին գալիս լեզվաբանները, պատմության ուսուցիչները, ինչպես նաեւ ուսանողները:

Calend-ի փոխանցմամբ, 1970-ականներին, սակայն, մասնագիտացած էքսկուրսավարների հանդեպ պահանջներն աճեցին, եւ սկսեցին էքսկուրսավար անվանել միայն հատուկ կրթություն ստացած կամ մասնագիտացում ունեցող անձանց:

Ներկայում էքսկուրսավարներ են պատրաստում տուրիզմի ֆակուլտետ ունեցող բուհերում: Էքսկուրսավարի դերում հանդես են գալիս կրթված մարդիկ, որոնք հաճախ նաեւ գիտական աստիճան են ունենում: Եվս երկու կարեւոր պայմաններ են հոգեբանության հիմունքների իմացությունն ու ճիշտ խոսքը: