Նորզելանդական մամուլում նոր մանրամասներ են հայտնվել Սեմյուել Ֆորեսթի մասին, որը միջազգային լրատվամիջոցներում մեծ աղմուկ էր բարձրացրել հայ կնոջ հետ ամուսնալուծության պատճառով: Վերջինը հրաժարվել էր Դաունի սինդրոմով ծնված երեխայից:

Ըստ «The New Zealand Herald» պարբերականի, Ֆորեսթը նախկինում դատապարտվել է աներոջ վրա հարձակման համար: Բացի այդ, նրա նախկին կնոջ խոսքով, Սեմյուելն ինքն է հեռացել իրենից ու երեխաներից:

Հոդվածագրի խոսքով, Ֆորեսթը Հայաստան է գնացել 4 տարի առաջ, ամուսնալուծությունից հետո: Տղամարդը պնդել է, որ իրեն հեռացրել են ընտանիքից ու իր երեխաներից, ինչպես նաեւ մեղադրել է բողոքական աղանդին, որին ինքը հարում է, իր «չորս երեխաներին կորցնելու համար»:

Սակայն, Ֆորեսթի նախկին կնոջ՝ Քայլի Ֆորեսթի փոխանցմամբ, երեխաներին չտեսնելու որոշումն ամուսնունն է: Ամուսնալուծությունից հետո նա երեխաներին տեսնելու իրավունք ունեցել է, սակայն որոշել է չօգտվել այդ իրավունքից, այլ սեփական կյանքով զբաղվել:

Քայլի Ֆորեսթը նաեւ նշել է, որ իր դուստրը Դաունի սինդրոմով չի տառապում, ինչպես տեղեկացնում էր մամուլը: Նրա խոսքով, ամուսինն իրեն լքել է մինչեւ եկեղեցուց հրաժարվելը:

Սակայն, ըստ մամուլի, հարեւաններն ու ծանոթները հերքում են այդ տեսակետը: Նրանց խոսքով, Ֆորեսթը մտահոգվել է, որ իրեն չեն թողնում երեխաների մոտ: Նրանք նաեւ պնդում են, որ Ռուզան Բադալյանն ինքն է հրաժարվել Ֆորեսթի հետ Նոր Զելանդիա մեկնել:

Բացի այդ, Ֆորեսթի հարեւանի խոսքով, նա 2010 թվականի մարտին դատապարտվել է՝ աներոջ վրա հարձակման համար: Նրան պարտավորեցրել են 400 դոլար վճարել՝ որպես փոխհատուցում եւ 130 դոլար՝ դատական ծախսերի համար:

Հիշեցնենք, որ Ֆորեսթի եւ նրա հայ կնոջ որդին՝ Լեոն, ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Ծնվելուց անմիջապես հետո նրա մոտ Դաունի սինդրոմ էին ախտորոշել: Առաջինն այդ մասին պատմեց փոքրիկի հայրը՝ լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց ամուսնալուծության պատճառ էր դարձել:

Երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը, մի քանի օր լռություն էր պահպանում, բայց հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ իր համար դժվար էր նման որոշում կայացնելը, եւ որ ինքն այդ քայլին դիմել է՝ հանուն երեխայի ապագայի: Նա նշել էր նաեւ, որ Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն ամենը, ինչ երբեք չի ունենա Հայաստանում: Նա հավելել էր, որ Սեմյուել Ֆորեսթը ոչինչ չի արել ընտանիքը պահպանելու համար, մասնավորապես, չի աշխատել, կնոջը չի առաջարկել միասին հոգ տանել երեխայի մասին: Ավելի ուշ պարզվեց, որ Սեմյուելը նախկինում ամուսնացած է եղել: Առաջին ամուսնությունից նա 4 երեխա ունի, որոնցից մեկը նույնպես Դաունի սինդրոմով է ծնվել: