1990 թվականի փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակեց «Հանցագործությունների զոհերի խարտիան» (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime):
Այդ օրվանից քաղաքակիրթ եւ ժողովրդավար աշխարհը փետրվարի 22-ը ոչ պաշտոնապես նշում է Հանցագործությունների զոհերի աջակցության օր. հիշատակի օր, որի նպատակն է ուշադրություն հրավիրել մարդկանց հանցավոր գործունեության հետեւանքով տուժածների խնդիրներին: Ըստ Calend-ի, հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը հասարակությանը սկսել է հուզել անցյալ դարավերջից:
1985 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի հանցագործությունների կանխարգելման յոթերորդ կոնգրեսը հավանության արժանացրեց Հանցագործության եւ իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների դեկլարացիան: 1985 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց այդ դեկլարացիան՝ առաջին անգամ համընդհանուր սկզբունքներ մշակելով հանցագործության եւ իշխանության չարաշահման զոհերի պաշտպանության եւ աջակցության համար:
Ներկայում մի շարք երկրներում ընդունվել եւ գործում են օրենքներ՝ ուղղված հանցավոր գործունեությունից տուժածների պաշտպանությանը, նրանց սոցիալական վերականգնմանը, նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցմանը: Աշխարհում հանցագործությունների հետեւանքով տուժածների օգնության շուրջ 200 ծրագիր է գործում:





























