Թուրքիայում ընդդիմադիր մամուլն ու ընդդիմադիր գործիչները խիստ քննադատության են ենթարկել իշխանություններին՝ Սիրիայում գտնվող եւ թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանը տեղափոխելու համար։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, թե Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր առաջին անգամ Թուրքիան տարածք է կորցրել։

«Եթե հիմա կա անելու բան, ապա դա Դավութօղլուի հրաժարականն է։ Դավութօղլուն պետք է հրաժարական տա։ Նա առանց ամաչելու ժողովրդին պատմում է, թե սա հաջողություն էր։ Ազգը սա կուլ չի տալու»,-ասել է թուրք պատգամավորը։

Նշենք, որ փետրվարի 22-ի գիշերը թուրքական ստորաբաժանումները մոտ 700 զինվորից եւ 40 տանկից բաղկացած ուժերով կազմակերպել են Թուրքիայից դուրս գտնվող միակ թուրքական տարածքում գտնվող Սուլեյման Շահի դամբարանը հսկող զինվորականների եւ Սուլեյման Շահի մասունքների տեղափոխումը։

Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել են Թուրքիայից 200 մետր հեռավորության վրա գտնվող Սիրիայի Էշմե կոչվող բնակավայր, որտեղ նույն չափի տարածքի վրա ամրացվել է Թուրքիայի դրոշը եւ նոր դամբարան է կառուցվում։