Սիրիայի քրդերի պաշտպանական կառույց YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) մամուլի կենտրոնից հայտարարություն է տարածվել, որ Սիրիայում Սուլեյման Շահի գործողությանը YPG-ն թույլտվություն է տվել թուրքական կողմին եւ մասնակցել գործողությանը։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ YPG-ի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, թե YPG-ն ուսումնասիրել է թուրքական պետության պահանջը եւ կոալիցիոն ուժերի ցանկությունները եւ առաջին պլան մղելով մարդկային գործոնը, թույլտվություն է տվել անցկացնել գործողությունը, ինչպես նաեւ մասնակցել այդ գործողությանը։
Նշենք, որ փետրվարի 22-ի գիշերը թուրքական ստորաբաժանումները մոտ 700 զինվորից եւ 40 տանկից բաղկացած ուժերով կազմակերպել են Թուրքիայից դուրս գտնվող միակ թուրքական տարածքում գտնվող Սուլեյման Շահի դամբարանը հսկող զինվորականների եւ Սուլեյման Շահի մասունքների տեղափոխումը։
Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել են Թուրքիայից 200 մետր հեռավորության վրա գտնվող Սիրիայի Էշմե կոչվող բնակավայր, որտեղ նույն չափի տարածքի վրա ամրացվել է Թուրքիայի դրոշը եւ նոր դամբարան է կառուցվում։




























