Երեւանի թիվ 195 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում երկու տղաեր տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից 14-այա Բենիկ Նիկողոսյանն այմ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տղայի առողջական վիճակը ծանր է, նա վիրահատվել է եւ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժողը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այդտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ տղայի վիճակը լավ է, վերքը մշակել են, կարել են, բարեբախտաբար, թափանցող վերք չի եղել, կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում դուրս կգրվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին, Երեւանի թիվ 195 դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով նրանց դանակով հարվածներ է հասցրել կռվի մասնակցիներից մեկը, ով 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են:
Այս միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից` նշելով, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, 11-րդ դասարանցին փետրվարի 23-ին ժամը 01.00-ին ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:





























