Հայ ազգային կոնգրեսը միայնակ չի կարող որոշել համաժողովրդական շարժման ճակատագիրը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Համաժողովրդական շարժման շտաբները այդպես էլ կմնան: Մեր մարտը շարունակվում է եւ դա բոլորիս մարտն է, ոչ միայն ՀԱԿ-ի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին ոչ իշխանական ուժերի եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») որոշել էր համաժողովրդական շարժման շտաբներ ստեղծել ողջ երկրով մեկ՝ իշխանությունների դեմ պայքարը համակարգելու նպատակով:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում:





























