Ոչ ոք չի պատրաստվում ճնշում գործադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա։ Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակայնը։

«Ոչ ոք ոչ մեկի վրա ճնշում չի գործադրում։ Նման հարց չկա եւ չի էլ լինի, ինչպես որ չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ»,-  հայտարարել է Սահակյանը։

Այն հարցին, թե ինչի մասին են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը իրենց առանձնազրույցի ընթացքում, խոսնակը պատասխանել է. «Կարող եք այդ հարցն ուղղել Ծառուկյանին կամ Հայաստանի նախագահին։ Եթե նա ցանկանա, հնարավոր է, կպատասխանի ձեզ։ Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ լինել ընդդիմություն, թե ոչ»։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։

Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: