Երեկ հունական Կորֆու կղզում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ։Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը Դանիայի արտգործնախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ քննարկվեցին քաղաքական և տնտեսական բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Պեր Ստիգ Մյոլլերը հայտնեց, որ Երևան կժամանի այս տարվա աշնանը։
Հայաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Միշլեն Կալմի-Ռեյի հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու որոշման մասին։
Կորֆուում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստայնբերգի հետ, որին ներկա էին նաև պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, փոխգործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ։ Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ։ Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնահացրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։



















