Առաջին իսկ օրվանից ինչ-որ մարդիկ փորձում են հարազատներին համոզել, որպեսզի հրաժարվեն իմ ծառայություններից եւ իրենք ներգրավվեն գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ թե այդ մարդկանց, թե իրեն հայտնի են նրանց գործողությունների դրդապատճառները, բայց առայժմ հարկ չի համարում անդրադառնալ դրանց: Փաստաբանը շեշտեց, որ իր Գյումրի այցի ժամանակ Ավետիսյանների հարազատների հետ հանդիպմանը քննարկել են շատ հարցեր, այդ թվում՝ այլ փաստաբանների ներգրավումը: Թե իր, թե հարազատների համար ողջունելի եւ ցանկալի է, որպեսզի այլ փաստաբաններ եւս ներգրավվեն գործում, քանի որ ցանկացածը կարող է չնչին օգնություն ցույց տալ: Այդ հարցի շուրջ, Երեմ Սարգսյանի փոխանցմամբ, փոխադարձ համաձայնություն կա:
Փաստաբանի տեղեկություններով՝ իրենից դժգոհություն է հայտնել սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ռիտա Պետրոսյանը եւ Ջուլիետա Ջալալյանը: «Տիկին Ռիտային հուզում են կոնկրետ մասնավոր հարցեր, թե ինչ է եղել, ինչի Պերմյակովը հենց այդ տուն է մտել եւ այդպես վարվել, այսինքն՝ բուն իրական հարցերը, որոնց պատասխանները ես էլ չունեմ, որ տամ: Այստեղ վրդովմունքի, էմոցիաների խնդիր կա, տիկին Ռիտան խոսում է այդ դաշտից եւ ես իրեն հասկանում եմ: Այն տեղեկատվությունը, որին ես տիրապետում եմ, ամբողջ ծավալով եւ պարբերաբար հայտնել եմ նրանց»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը Ջուլիետա Ջալալյանի ներկայացուցիչը չէ եւ որեւէ կապ չունի նրա հետ:
Նա շեշտեց, որ այս գործով բազմիցս հանդիպել է իր վստահորդների հետ, զրուցել են, Ավետիսյանների դուստրերը եւ նրանց ամուսինները հայտարարել են, որ լիակատար վստահում են իրեն: «Խոսքը Լուսինե, Անահիտ Ավետիսյանների եւ Եգոր Ադամյանի մասին է: Նրանք ցանկանում են անմիջական աշխատել, որպեսզի հասնենք գործի բացահայտմանը»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ կարեւորը իր վստահորդների վստահությունն է, որն այս պահին լիակատար կա եւ շարունակում են իրենց աշխատանքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:





























